8 հուլիսի 2024 - 11:06 AMT
«Ոսկե ծիրանը» մեկնարկել է Էգոյանի նոր ֆիլմով․ Նրան և Սփեյսիին «Փարաջանովյան թալեր» են շնորհել

Հուլիսի 7–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնը մեկնարկել է կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր՝ «Յոթ քող» ֆիլմով։

Կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար «Փարաջանովյան թալերներ» են հանձնվել կինոփառատոնի պատվավոր հյուր՝ կրկնակի օսկարակիր, Քևին Սփեյսին և Ատոմ Էգոյանին:

Փառատոնի կարմիր գորգը փոխարինվել էր արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք նոր շունչ էին հաղորդել հանդիսավոր արարողությանը, գրում է Արմենպրեսը։

Մինչ ֆիլմի ցուցադրությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ վերջին տարիներին Երևանը հարուստ է մշակութային միջոցառումներով, որոնք մայրաքաղաքը կյանքով ու լավ բույրով են լցնում։ Ավինյանը հիշեցրել է, որ նախորդ տարի հայտարարել է՝ քաղաքապետարանն ակտիվ է լինելու կինոարտադրության ոլորտում։ Նա տեղեկացրեց, որ իրենց ջանքերով նկարահանվել է Երևանի մասին պատմող հինգ կարճամետրաժ ֆիլմ, որոնք ցուցադրվելու են փառատոնին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Ոսկե ծիրանը» դարձել է երևանյան ամռան անբաժանելի մասը։

Սփեյսին մեծ պատիվ է համարել պատվարժան կինոգործիչների հետ փառատոնին մասնակցելը։ Նա շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին, որ բացումը հենց հուլիսի 7-ին են նախաձեռնել, մի բացառիկ օր, երբ անգամ ռեստորանում ջուր պատվիրելն անվտանգ չէ, քանի որ Վարդավառ է։ Ավելի վաղ Սփեյսին նշել էր, որ օրվա ընթացքում իրեն ջրել են։ Անդրադառնալով մրցանակին՝ նա շեշտել է, որ երբ դիտել է հատվածներ իր ֆիլմերից, հիշել է ռեժիսորներին, սցենարիստներին, ամբողջ ստեղծագործական խմբին, մարդկանց, որոնց հետ աշխատել է։

«Ինձ պատվելով՝ պատվում եք այն մարդկանց, որոնք նպաստել են այդ ֆիլմերի նկարահանմանը, որոնք գլխիվայր փոխել են իմ կյանքը»,- ընդգծել է դերասանն ու շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։

Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Սերգեյ Խաչատրյանն էլ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կոնյակ է հանձնել Ատոմ Էգոյանին, որի «Արարատ» ֆիլմում նկարահանվել է Ազնավուրը։

Ելույթներից և «Փարաջանովյան թալեր»-ների հանձնման արարողությունից հետո բեմ են բարձրացել փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը, փառատոնի ավանդույթները լավագույնս շարունակող Կարեն Ավետիսյանը և ազդարարել 21-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը։

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվելու են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: