9 հուլիսի 2024 - 16:19 AMT
Գասպարյանն ու Երանոսյանը մեղավոր են ճանաչվել, բայց համաներմամբ ազատվել են պատժի կրումից

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել 6-ական տարվա ազատազրկման, սակայն ազատվել են պատժի կրումից որոշ հոդվածներով՝ համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Դատավճիռը հրապարակել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Գասպարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվել է։ Նրանից կգանձվեն դատական ծախսերը՝ 200 հազար դրամ, հայտնում է Sputnik Արմենիան։

Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանն ու ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր են ճանաչվել, սակայն ազատվեցին պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Նրանց ու Երանոսյանի գույքի նկատմամբ դրված կալանքը պահպանվել է։

Քրեական այս գործով կար 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար։

2023 թ. հուլիսին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր մոտ 2 մլրդ դրամի գույք: