ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հայտարարել է Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու և առաջ մղելու նպատակով 5 միլիոն դոլարի նոր ֆինանսավորման մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարն այդ մասին հայտնել է ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
Սամանթա Փաուերն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը քննարկվել են տեխնոլոգիաների հետ կապված հարցեր, որոնք կարող են ավելի բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը նվիրումով է մոտենում թվայնացմանը, տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը՝ ցանկանալով իրականություն դարձնել դրանց հետ կապված իրենց տեսլականը», - նշել է Փաուերը՝ շնորհակալություն հայտնելով «Ամազոն» ընկերության վեբ ծառայություններին, որոնք Հայաստանին օգնում են կյանքի կոչել այդ տեսլականը։
Նա նշել է, որ Հայաստանի և Amazon Web Service-ի միջև առկա համագործակցությունն ուղղված է Հայաստանի թվայնացված համակարգերն ամրացնելուն, հանրային ծառայությունները թվայնացնելուն, ինչպես նաև դիմակայունությունը կիբեռհարձակումների նկատմամբ երկրի դիմակայունությունն ապահովելուն։
«Ես շատ ուրախ եմ այսօր հայտարարել, որ 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորում է տրամադրվելու Amazon Web Service-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցությունը զարգացնելու համար՝ նպատակ ունենալով նպաստել և առաջ մղել թվային վերափոխումը, ենթակառուցվածքը և ամպային ծառայությունները։ Հայաստանի կառավարությունը կնպաստի փորձագիտական զարգացմանը, կբերի նորարար տեխնոլոգիաներ իր քաղաքացիների համար՝ միևնույն ժամանակ պաշտպանելով նրանց անձնական տվյալները»,- ասել է Փաուերը։
Նա հավելել է, որ Amazon Web Service-ը Հայաստանին կօգնի արագորեն զարգացնել և թվայնացնել իր համակարգերը։ Այն նաև կտրամադրի կարևոր վերապատրաստման ծառայություններ ամպային հաշվարկների ոլորտում, կիբեռանվտանգության ոլորտում, ինչպես նաև կօգնի Հայաստանին կառուցել իր ինքնիշխանությունը և պաշտպանել նրանցից, ովքեր կցանկանան վնաս հասցնել։