ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ռուսական կողմը ցավում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար։
«Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, Երևանը, ցավոք, այլ ճանապարհ է ընտրել։ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով, իսկ ՀՀ մասնակցությունը Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մեծ ափսոսանքից բացի, այլ բան չի կարող առաջացնել»,–ասել է նա։
Ըստ Գալուզինի, «նման տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը ՌԴ ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով Հարավային Կովկասում իրավիճակը լրջորեն ապակայունացնելու ռիսկի է դիմում, այդ թվում՝ ի վնաս սեփական անվտանգության»:
«Կարծում եմ, Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը։ Ըստ իս, երկու աթոռին նստելու փորձերի անիրատեսության մասին, թեկուզ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով Երևանի եվրոպական նկրտումների և ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների մասին»,- նշել է Գալուզինը։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։
Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որտեղ շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ, հայտնում է ԱԳՆ–ն։ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։։