13 մայիսի 2009 - 23:38 AMT
Հայ ուսանողուհիները բարձր գնահատական են ստացել «Կասպերսկու լաբորատորիայից»
Այսօր տեղի է ունեցել ապրիլի վերջին Մոսկվայի միջազգային ուսանողական խորհրդաժողով-մրցույթին մասնակցած ՀՊՃՀ ուսանողների պարգեւատրման արարողությունը: Խորհրդաժողով-մրցույթը նվիրված էր համակարգչային անվտանգության խնդիրներին եւ անցել է «Կասպերսկու լաբորատորիայի» հովանու ներքո: ՀՊՃՀ ուսանողուհիներն արժանացել են առաջին աստիճանի երեք դիպոլմներից մեկին:
«Կրթական նախագծեր» անվանակարգում հաղթողներ են ճանաչվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական անվտանգություն եւ ծրագրային ապահովման բաժնի ուսանող Ելենա Կոսոլապովան եւ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Նինա Ազիզյանը, որոնք ներկայացրել էին «Գաղտանգրութան մեթոդների ուսումնասիրության ուսումնական ծրագիր» նախագիծը, որի վրա աշխատել է 20 ուսանողներից բաղկացած թիմ:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Գեւորգ Մարկարովը, խորհրդաժողովի շնորհիվ համալսարանն որոշակի արտոնություններ է ստացել «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի ձեռք բերման հարցում: «Մեր ուսանողները հնարավորություն կստանան «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության գլխավոր գրասենյակներում ստաժավորման համար: Բացի այդ «Կասպերսկու լաբորատորիան» կքննարկի Հայաստանի տարածքում իր բաժանմունքի բացման հնարավորությունը»,-ասել է Մարկարովը: