12 հուլիսի 2024 - 12:08 AMT
Անհայտ անձը հատուկ հեղուկ է լցրել սոսիների տակ. Կանաչապատման ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահներին

Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգված լցնում սոսի տեսակի ծառերի տակ: Գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում» ՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին:

Քաղաքացիներին հորդորում են լինել ուշադիր, ՀՈԱԿ-ի աշխատակիցները կրում են կանաչ գույնով հատուկ համազգեստ, իսկ նման դեպքեր նկատելիս` անհապաղ դիմել համապատասխան մարմիններ:

Ընթացիկ տարում սա միակ նման դեպքը չէ: Քաղաքի կենտրոնում նախորդ տարի տնկված սոսիների չորացման դեպքից հետո ՀՈԱԿ-ը հողանմուշն ուղարկել էր հողագիտության ինստիտուտ: Իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել, որ նմուշում հայտնաբերված ազոտի և աղերի քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորման, ինչը հանգեցնում է արմատային համակարգի այրման ու ոչնչացման, որն էլ բերում է ծառի չորացման:

Նույն տարածքի առողջ ծառերի հողանմուշներում ոչինչի չի հայտնաբերվել, ինչը հուշում է, որ նորատունկ սոսիները չորացումը եղել է արտաքին միջամտության պատճառով: