Թուրքիան հուսով է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Այդ մասին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Վաշինգտոնում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից հետո տված ասուլիսում։
«Անկարան ցանկանում է, որ համաձայնագիր ստորագրվի և խաղաղության հաստատվի Երևանի և Բաքվի միջև։ Մենք կցանկանայիքն որքան հնարավոր է շուտ տեսնել այդ հաշտեցումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում»,–ասել է Էրդողանը, գրում է Haqqin.az-ը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս խաղաղության պայմանագրի կնքման կողմնակից է։
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները: