12 հուլիսի 2024 - 15:48 AMT
Բաքվի դատարանը շինծու գործով անցնող Բեգլարյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել

Բաքվի դատարանը շինծու գործով անցնող արցախցի Ռաշիդ Բեգլարյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել։ Ազատազրկման 5 տարին նա կանցկացնի խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում, հայտնում է APA-ն։

Նրան մեղադրում են «ահաբեկչության» և Խոջալուի դեպքերին մասնակցելու մեջ։

62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին առաջադրվել են շինծու մեղադրանքներ «խոշտանգումների», պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, օրենքով չնախատեսված զինված խմբավորումներին մասնակցության, Ադրբեջանի պետական ​​սահմանի ապօրինի հատման հոդվածներով:

Ադրբեջանցիները Բեգլարյանին ձերբակալել էին 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։

Հայկական կողմը հայտնել էր, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Նա ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին։