15 հուլիսի 2024 - 14:14 AMT
Ծառուկյան. Հայաստանը չպետք է վանի դաշնակիցներին և խաղալիք դառնա ուրիշի ձեռքում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն իրենից վանում է դաշնակիցներին` նրանց հետ հարաբերություններն ամրապնդելու փոխարեն։

«Պետք է լինի միասնություն, համագործակցություն, զարգացում։ Մենք փոքր պետություն ենք, բայց խելացի ենք, մենք պետք է մեր երկրի շահին նայելով` մեր դաշնակիցներին ամրապնդենք, բայց փոխարենը վանում ենք։ Մենք պետք է խաղալիք չլինենք ուրիշ պետությունների ձեռքին»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Ծառուկյանի կարծիքով` Հայաստանը պետք է կամուրջ հանդիսանա Արևելքի և Արևմուտքի միջև և բոլորի հետ «լավ լինի»։

Ծառուկյանը նաև կարծում է, որ երկրում քաղաքական համակարգը բարեփոխման և թարմացման կարիք ունի: Ըստ նրա` հին կուսակցություններն իրենց սպառել են ու նրանց վաղեմության ժամկետն անցել է։ Ժողովուրդը կորցրել է վստահությունը նրանց նկատմամբ և հոգնել է նրանցից։

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը համոզված է, որ պետք է վերջ դնել ներքին թշնամանքին ու դադարել մարդկանց բաժանել հայաստանցու, ղարաբաղցու կամ գյումրեցու։