Հուլիսի 15-16-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում։ Նա կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։
ՀՀ կառավարության անունից Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը, հայտնում է ԱԳՆ–ն։
Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։
Նախորդ երկու ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2018թ. և 2020թ.։
Մի քանի օր առաջ Վաշինգտոնում Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի հարակից միջոցառումներին։
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները: