Հայաստանում հուլիսի 13-ին ձերբակալվել է Ռուսաստանի իրավապահ մարմիների կողմից հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Նատալյա Տ.-ն: Այդ մասին ասել են ՆԳՆ նախարարությունից, հայտնում է Factor.am-ը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ձերբակալությունն իրականացվել է հուլիսի 13-ին, ժամը 6.30-ին, Երևան-Տիվատ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։ Նատալյա Տ.-ն, ըստ ՀՀ ՆԳՆ-ի, հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով:
Meduza-ն գրել է, որ Նատալյա Տ.-ն 65 տարեկան է, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ըստ աղբյուրի քրեական հետապնդման պատճառ է դարձել այն, որ ուսուցչուհին «Բարության դաս» դասաժամի ընթացքում դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին, մի քանի տեսանյութ ցուցադրել ուկրաինական լրատվամիջոցներից և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել միջազգային իրավունքի խախտում։ Դասն անցկացվել է 2022 թվականին։ Հայաստանի իրավապահները ռուս ուսուցչուհուն մի քանի ժամ բաժնում պահելուց հետո ազատ են արձակել՝ Հայաստանից չհեռանալու պահանջով, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։
ՆԳՆ-ն փոխանցում է, որ ՌԴ քաղաքացուն հայտնաբերելու մասին հայտնվել է ՌԴ իրավապահներին։
Նատալյա Տ.-ին ձերբակալելու մասին ահազանգ է ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Անի Չատինյանն ընդգծեց, որ ՌԴ քաղաքացու հետ կապված գործընթացների համաձայնեցումը Ռուսաստանի հետ անընդունելի է, հայտնում է Factor.am-ը։
2023 թվականին էլ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները ՀՀ-ում ձերբակալել և ՌԴ էին տեղափոխել Դմիտրի Սեդրակովին։