ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Նյու Յորքում ներկայացրած ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը 3 հիմնական բաղադրիչ ուներ՝ մարդասիրական, զարգացման և խաղաղության բաղադրիչներ։
Զեկույցի մարդասիրական գործողությունների բաժնում շեշտվել են ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
«2023թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ շնորհվեց Լեռնային Ղարաբաղից ժամանած փախստականներին՝ նրանց տրամադրելով սոցիալական պաշտպանության հասանելի մեխանիզմներ, առողջապահական, կրթական և հոգեբանական ծառայություններ: Կառավարության ջանքերը և հայ հասարակության շրջանում համերաշխությունը կարևոր դեր են խաղացել փախստականների անհապաղ և միջնաժամկետ կարիքների լուծման գործում: Ազգային բյուջեից արդեն ծախսվել է ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է բնակարանների, սննդի և այլ առաջնահերթ կարիքների ապահովման նպատակով` ուղղակի դրամական աջակցության և այլ համանման մեխանիզմների միջոցով: Ներկայիս փուլում Կառավարությունը մեկնարկել է երկարաժամկետ բնակարանային ապահովման ծրագիր, ինչպես նաև ձեռնարկում է կոնկրետ քայլեր՝ փախստականների զբաղվածության ապահովման խնդիրները հասցեագրելու ուղղությամբ, որոնց 1/3-ը՝ ուսուցիչներ, բուժաշխատողներ, ձեռներեցներ, արդեն զբաղվածություն են գտել կամ սկսել իրենց սեփական բիզնեսը:
Ի հավելումն վերոնշյալ մարտահրավերներին, 2021թ. և 2022թ. ՀՀ–ն բախվեց լայնածավալ ռազմական ագրեսիայի և իր ինքնիշխան տարածքների օկուպացիային, որն իր հերթին հանգեցրեց ներքին տեղահանման և սահմանակից շրջաններում ապրող մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների։ Երբ վերջնականացվում էր այս զեկույցը, Հայաստանը վերապրեց մեկ այլ՝ աննախադեպ բնապահպանական աղետ. 2024թ. մայիսին Հայաստանի Լոռի և Տավուշ մարզերում սաստիկ հեղեղումների հետևանքով էականորեն տուժեցին 9 քաղաքային և 28 գյուղական համայնքներ, մեծ վնասներ հասցվեց քաղաքացիական ենթակառուցվածքներին»,–ասվում է զեկույցում։
«Զարգացում» բաժնում նշվել է, որ, չնայած այս բոլոր դժվարություններին, Հայաստանը պահպանել է առաջընթացի և կայուն զարգացման հաստատուն տեմպը, ինստիտուցիոնալ առումով Հայաստանի զարգացման հիմնական առաջնահերթությունները ձևակերպվել են Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության մեջ, որն ուղղված է աղքատության վերացմանը, մթերային անվտանգության, մարդկային զարգացման և շրջակա միջավայրի համար բարենպաստ տնտեսական աճի խթանմանը։
«Խաղաղություն տանը» բաժնում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում, և խորապես հավատում է, որ կայուն զարգացման կարելի է հասնել միայն ամուր ժողովրդավարական ինստիտուտների, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, արդարության ու հասարակության և տարածաշրջանային խաղաղության ամուր հիմքի վրա:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։