Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով կբարձրացվի հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը։
Ակնկալվում է, որ դա կնպաստի նաև հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:
Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ hարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը և ժամկետները, սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է։
Դա կարող է վերաբերել նաև այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով, հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափը վերականգնել նախկին՝ 0.075 տոկոս դրույքաչափը: