19 հուլիսի 2024 - 11:20 AMT
Մակրոն․ Բաքուն Երևանից շատ է զինվել, Ադրբեջանն է պատերազմ սկսել 2020–ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովում, խոսել է Երևանին մատակարարվող ֆրանսիական զենքի և Բաքվի հետ խաղաղության բանակցությունների մասին։ Նրա ելույթից X-ի իր միկրոբլոգում մեջբերումներ է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական գործակցությանը, Մակրոնն ասել է, որ Ադրբեջանն այս բոլոր տարիներին ՀՀ–ից շատ է զինվել, Ադրբեջանն է պատերազմ սկսել 2020–ին։

«Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա, կարծես, Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, եթե սխալ եմ, ուղղեք ինձ, ապա Ադրբեջանն է սկսել պատերազմը, 2020 թվականի սարսափելի պատերազմը»,–ասել է Մակրոնը։

Մակրոնը նաև ասել է, որ նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի սպառազինման հայտին։

«Մակրոնը խոսել է նաև Հայաստանին ֆրանսիական զենք մատակարարելու մասին։ Դա նորմալ է՝ պատասխանել ինքնիշխան երկրի սպառազինման հայտին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է հարձակման ենթարկվել մեկ այլ երկրի կողմից»,–ասել է նա։

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։