Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանն այս բոլոր տարիներին ՀՀ–ից շատ է զինվել և որ Ադրբեջանն է պատերազմ սկսել 2020–ին, նյարդայնացրել են Բաքվին։
Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է, թե Մակրոնի տեսակետները «Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնելու և Ադրբեջանի նկատմամբ բացահայտ կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու ևս մեկ վառ օրինակ են», հայտնում է Haqqin.az-ը։
ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է նաև, թե «պատերազմով Բաքուն վերջ է դրել 30 տարվա օկուպացիային և վերականգնել է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որ Բաքվի ջանքերը, այդ թվում՝ իր ռազմական ներուժի հզորացումը, ուղղված են արդար նպատակների իրականացմանը»։
Ասվում է նաև, որ այնպիսի պետությունների քաղաքականությունը, ինչպիսին Ֆրանսիան է, «չի նպաստել հակամարտության կարգավորմանը»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովում, խոսել է Երևանին մատակարարվող ֆրանսիական զենքի և Բաքվի հետ խաղաղության բանակցությունների մասին։ Անդրադառնալովվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությաը Մակրոնն ասել է, որ Ադրբեջանն այս բոլոր տարիներին ՀՀ–ից շատ է զինվել, Ադրբեջանն է պատերազմ սկսել 2020–ին։ Նրա ելույթից X-ի իր միկրոբլոգում մեջբերումներ է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։