ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Լոնդոնում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի չկայացած հանդիպմանը, գրել է, որ Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման տապալումն ուղիղ կապ ունի հուլիսի 1-ին նախատեսված երկու երկրի միջև կանոնակարգերի շուրջ համաձայնության ձախողման հետ:
«Նվազագույնը 3 խնդիր կա, որոնք կամ առանձին, կամ 3-ը միասին ազդել են երկկողմ օրակարգի ձևավորման և դրա հիման վրա հանդիպման կազմակերպելու վրա:
Առաջինը, ինչպես նշեցի, սահմանազատման հետ կապված խնդիրներն են, իսկ ավելի կոնկրետ` այն քայլերի հաջորդականությունն ու մոտեցումները, որոնք մինչև այս պահը չեն համաձայնեցվել, չնայած կար նախապես սահմանված ժամկետ:
Երկրորդ, Ադրբեջանի` վերջին շրջանում ակտիվ առաջ տարվող ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը, որի վերաբերյալ ՀՀ իշխանությունը նշում է, որ փոփոխության անհրաժեշտություն տեսնում է, սակայն փորձում է ցույց տալ, թե դա ադրբեջանական պահանջով չէ:
Երրորդ, տարածաշրջանային կոմունիկացիաների թեման շարունակում է օրակարգում մնալ, իսկ դրա` տարբեր սցենարներով հանգուցալուծման հարցը, ոչ միայն ռեգիոնալ, այլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ուշադրության և ուղիղ միջամտության դաշտում է:
Չնայած այս գործոններին, չի բացառվում, որ մոտ ապագայում երկկողմ հանդիպում, այնուամենայնիվ, կայանա, որովհետև ՀՀ իշխանությունը բազմաթիվ նման իրավիճակներում ոչ միայն ընկրկել է, այլ դիրքորոշումների առումով` գնացել լուրջ նահանջների»,–ասվում է գրառման մեջ։
Հուլիսի 1–ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը։ Նշվել է, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով։ Ըստ պայմանավորվածության՝ կանոնակարգի համաձայնեցումից հետո պետք է սկսվի ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։