22 հուլիսի 2024 - 15:02 AMT
ՀՀ–ն վերահաստատել է հրադադարի խախտման համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու իր առաջարկը

ՀՀ վարչապետի աշխատակազմը, անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությանը, հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը վերահաստատում է հրադադարի խախտման հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը։

Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունը վերահաստատում է հավատարմությունը խաղաղության օրակարգին։

«Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը: Վերահաստատում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած այն պատաեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտարարել է, թե «սադրանքները Հայաստանին լավ բան չեն խոստանում»։ Նա հավելել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն «լիակատար առավելություն ունի ՀՀ hետ սահմանի ամբողջ երկայնքով»

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը և հայտարարել, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին ժամը 22։10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։