22 հուլիսի 2024 - 18:05 AMT
Ամբողջ Երևանյան լիճը մաքրվել է․ 130 արժեքավոր ծառ է տնկվել

Երևանյան լճի տարածքում տնկվել է 130 արժեքավոր ու հասուն ծառատեսակ և 2150 թփատեսակ: Լճի ամբողջ տարածքը մաքրվել է: Այդ մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։

Նիստում նշվել է նաև, որ շարունակվում է ջերմոցատնկարանային վարչության ընդլայնման գործընթացը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կարևոր է զարգացնել լաբորատոր կարողությունները:

«Մենք այս մակարդակում նվազագույնը պետք է վստահ լինենք, որ փոքր տնկիներն առողջ են և համապատասխանում են սպասելիքներին: Մենք պետք է վստահ լինենք, որ ապագայում «տնային պայմաններում» չենք ստանում վերջնարդյունքը»,- նշել է քաղաքապետը:

Նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում՝ անմխիթար վիճակում հայտնված վարձակալությամբ տրամադրված այգիները համայնքին վերադարձնելու համար:

Նախատեսվում է Երևանյան լիճը հանգստի գոտու վերածել։ Կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով