23 հուլիսի 2024 - 13:20 AMT
Աղվան Հովսեփյանին և ընտանիքին հրավիրել են Դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչություն

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ ծանոթանալու իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու իրենց դիրքորոշումները։ Այդ մասին ասվում է Azdarar.am–ի հրապարակման մեջ։

Մասնավորապես՝ Դատախազություն են հրավիրվել Աղվան Հովսեփյանը, նրա որդիներ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները և շահագրգիռ այլ անձինք։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիրն»,- ասված է հրապարակային ծանուցագրում։

Նրանք դատախազություն պետք է ներկայանան հուլիսի 25-ին։

Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված է քրեական վարույթ։ Նա, ըստ մեղադրանքի, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: