Փարիզում մեկնարկած 33-րդ Օլիմպիական խաղերում հուլիսի 27–ին պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող 4 մարզիկ։
Որակավորման փուլը կփորձի հաղթահարել Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենաերիտասարդ անդամը` 21-ամյա լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։ Նա հանդնես է գալու բաթերֆլայ ոճի 100 մետր մրցատարածությունում, որի եզրափակիչը ևս նախատեսված է այսօր, հայտնում է Shantnews.am-ը։
Մեկնարկելու է նաև հրաձգության 10 մ օդամղիչ ատրճանակի որակավորման փուլը։ Այդ մրցաձևում Հայաստանը ներկայացնելու է Էլմիրա Կարապետյանը։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մասնակցելու է հենացատկ վարժության որակավորման փուլին։
Պայքարի մեջ է մտնելու նաև Հայաստանի թիմի ամենատարեց անդամը` Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարզիկը մասնակցելու է օղակներ վարժության որակավորման փուլին։
Եզրափակիչ դուրս գալու դեպքում Էլմիրա Կարապետյանը վճռորոշ մրցումը կանցկացնի հուլիսի 28-ին։ Իսկ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարելու դեպքում մեդալային պայքար կմղեն օգոստոսի 4-ին։
Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում ունի 15 մասնակից՝ 7 մարզաձևում: