29 հուլիսի 2024 - 10:44 AMT
Էրդողան. Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես մտավ Ղարաբաղ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ կարող են մտնել Իսրայել, ինչպես ժամանակին մտան Լեռնային Ղարաբաղ ու Լիբիա։

«Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, նույնը կանենք նաև Իսրայելի պարագայում։ Ոչ մի անհնարին բան չկա։ Մենք ուղղակի պետք է ուժեղ լինենք՝ նման քայլերի դիմելու համար»,–ասել է Էրդողանը Halk TV–ի եթերում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հեռուստաալիքը, մեկնաբանելով Էրդողանի ելույթը, նշել է՝ այդկերպ նա հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած միջոցներով սատարել Պաղեստինին։

2023–ի նոյեմբերին Թուրքիայի խորհրդարանը 2 տարով երկարացրել է Թուրքիայի ԶՈու առաքելությունն Ադրբեջանում, որտ գործում էր համատեղ Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի կազմում, որի, գործունեությունը, սակայն, դադարեցվել է։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։