Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել, «ինչպես մտավ Ղարաբաղ», դժկամություն է առաջացրել Բաքվում։
Այդ երկրի պաշտպանության նախարարությունը պնդել է, թե հայտարարություններն այն մասին, որ որևէ երկրի զինծառայողներ մասնակցել են մարտական գործողություններին, ոչ մի հիմք չունեն, գրում է Minval.az-ը։
«Թուրքիան ու Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է նրանց երախտագիտություն հայտնել։ Պատերազմի ժամանակ մոտ 3000 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, իսկ հակաահաբեկչական գործողություններում ևս 204 մարդ է զոհվել։ Այլ պետությունների զինված ուժեր մարտերին չեն մասնակցել»,–ասել են Ադրբեջանի ՊՆ–ում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ կարող են մտնել Իսրայել, ինչպես ժամանակին մտան Լեռնային Ղարաբաղ ու Լիբիա։
«Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, նույնը կանենք նաև Իսրայելի պարագայում։ Ոչ մի անհնարին բան չկա։ Մենք ուղղակի պետք է ուժեղ լինենք՝ նման քայլերի դիմելու համար»,–ասել է Էրդողանը:
Ընթերցեք նաև․ Իսրայելը զգուշացրել է Էրդողանին` նա կարող է Սադդամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ