ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նամակ է հղել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին՝ հորդորելով ջանքեր գործադրել Բաքվի բանտերից հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ
«Փարիզ – 2024-ի օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար անհանգիստ և լարված ժամանակաշրջանում, պատերազմական բախումների և թափվող արյան մի ծանր փուլում։ Մենք՝ միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչներս, մարզական պարտականություններից բացի, ունենք կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Մեր այս պարտականության գիտակցումն ամեն անգամ օգնում է բազմաթիվ լարված կետերում առնվազն ժամանակավոր զինադադարների հաստատմանը, հիմք է դնում երկարատև խաղաղության գործընթացների և փրկում հազարավոր կյանքեր։
Իմ երկիրը՝ Հայաստանը, վերջին տարիներին անցավ արյունալի և անարդար, ծանր պատերազմների միջով։ Այսօր, պատերազմական գործողությունների դադարի և բանակցությունների շրջանում, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, պետական և հանրային գործիչներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում գերության մեջ՝ փաստացի լինելով կենդանի պատանդներ։
Որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ ես իմ կոչն ու հորդորն եմ ուղղում իմ միջազգային գործընկերներին և Միջազգային օլիմպիական շարժման բոլոր ջատագովներին։ Ես կոչ եմ անում՝ գործադրել Ձեր խաղաղ դիվանագիտական խողովակները և Ձեր հեղինակությունը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի շրջանում, որպես երկարատև և աներկբա խաղաղության հաստատման ժեստ՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու կամայականորեն պահվող ՀՀ քաղաքացիներին և այդպիսով խորացնելու վստահությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի հանդեպ»,–ասվում է նամակում։
Նշվում է, որ Օլիմպիական շարժումը խաղաղության և մարդասիրության վեհ գաղափարների մարմնավորումն է սպորտի միջոցով։
«Սա արդարության և համակեցության համաշխարհային շարժում է, և մենք այս քայլով կարող ենք մեր շարժման ընդհանուր հաղթանակը գումարել նախորդ մի քանի տասնյակ օլիմպիական խաղերի ընթացքում փրկած կյանքերի և ճակատագրերի թանկ գանձանակին։ Մեծ հույսով և հավատով դեպի մեր ընդհանուր ապագան»,–գրել է Ծառուկյանը։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։
Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։