29 հուլիսի 2024 - 18:28 AMT
Միրզոյանը հանդիպել է Կոմբոսի հետ․ Նա Կիպրոսի հետ գործակցության 4 կետ է առանձնացրել

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ: Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, դրա արդյունքով երկու նախարարը հանդես են եղել մամուլի համար հայտարարություններով:

Իր խոսքում Միրզոյանը շեշտել է այցի առանձնահատուկ նշանակությունը, քանի որ առաջին անգամ է Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցում և ելույթով հանդես գալիղ Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին։

Միրզոյանը 4 կետ է առանձնացրել․

«1․Նախ, մենք ընդլայնել ենք մեր գործընկերությունն այն մակարդակի, որ մեր մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը պարզապես պարտադիր է: Ուստի ես ուրախ եմ միանալ ձեզ՝ հայտարարելով, որ Հայաստանը և Կիպրոսն առաջիկա ամիսների ընթացքում փոխադարձաբար դեսպանություններ կբացեն երկու երկրների մայրաքաղաքներում։ Ավելորդ է ասել, որ այն լրացուցիչ կնպաստի մեր գործընկերության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ամրապնդմանը:

2․ Երկրորդ. ո՞ր ուղղությամբ և ինչպե՞ս ամրապնդել մեր գործընկերությունը: Ուրախ եմ արձանագրել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում աճել է: Կարծում եմ, որ դա հենց այն ուղղությունն է, որը մենք կարող ենք և պետք է համատեղ ջանքերով զարգացնենք՝ նոր արդյունքներ նախանշելու և դրական դինամիկայի շարունակությունն ապահովելու համար։

3․ Երրորդ կետը վերաբերում է Հայաստան-ԵՄ գործընկերությանը։ Փաստացի, սա իմ առաջին այցն է ԵՄ անդամ երկիր ԵՄ խորհրդի կողմից ընդունված պատմական, մասնավորապես Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումներից հետո: Եվ ես կարծում եմ, որ սա նաև խորհրդանշական է, քանի որ մենք տեղյակ ենք Կիպրոսի աջակցության մասին՝ այս պատմական հանգրվաններին հասնելու ճանապարհին: Այսպիսով, ես ցանկանում եմ օգտվել այս առիթից և շնորհակալություն եմ հայտնել Ձեզ, հարգելի՛ նախարար, ինչպես նաև ԵՄ և անդամ երկրների մյուս գործընկերներին՝ մեր երկրին ցուցաբերած աջակցության համար, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու միջոցով, որոնք, իհարկե, մենք հանձնառու ենք շարունակել։ ԵՄ խորհրդի ընդունած երկու որոշումներն էլ ավելի կմոտեցնեն Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին ԵՄ-ին ու հակառակը, և նաև կնպաստեն Հայաստանի դիմակայունությանը և, հետևաբար, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: Զուգահեռաբար, մինչ մենք աշխատում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ընդլայնված օրակարգի հեռանկարների շուրջ, մենք քննարկում ենա օրակարգային այլ նոր հարցեր:

4․ Եվ վերջապես չորրորդ կետը. մենք այսօր քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները և մեր երկրների շուրջ ընդհանուր իրավիճակը։ Ակնհայտ է, որ մեր գործընկերությունը, բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել՝ պայմանավորված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությամբ։ Մենք սերտորեն համագործակցել ենք և շարունակելու ենք այդպես համագործակցել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են խնդիրներ, այդ թվում՝ հումանիտար բնույթի, որոնց մեր ժողովուրդները բախվել են հակամարտությունների և դժվարությունների հետևանքով: Մենք բարձր ենք գնահատում այն օգնությունը, որը Կիպրոսը տրամադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։

Հարգելի՛ գործընկերներ, ինչպես մենք ապացուցել ենք մեր գործողություններով, Հայաստանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը։ Այս առումով մենք միշտ համերաշխություն ենք հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ աջակցելով Կիպրոսի խնդրի արդար և կայուն լուծում գտնելու ջանքերին՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային իրավունքի»:

ՄԻրզոյանը նշել է, որ գործընկերոջը ներկայացրել է վերջին քննարկումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության շուրջ, որն ամրագրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991թ. Ալմաթիի հռչակագրի վրա:

«Ընդգծել եմ նաև նույն հռչակագրի և, հետևաբար, 1991 թ. սահմանի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման կարևորությունը: Կարծում եմ՝ այս դիրքորոշումը և՛ հստակ է, և՛ հետևողական: Բացի այդ, այն ավելի է զարգացվել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել, դրանք դեռ ուժի մեջ են: Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար»,–ասել է Միրզոյանը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է մասնակցությամբ Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին, որին ներկա է եղել մոտ 50 դեսպան, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։