2024–ի առաջին հինգ ամսում Հայաստանում ակտիվացել են կապույտ հազի, քութեշի, կարմրուկի ու ջրծաղիկի դեպքերը։ Այդ են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Կապույտ հազի դեպքերն ավելացել են գրեթե 11 անգամ։ 2023-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցվել է այս հիվանդության ընդամենը 6 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 67 դեպք։
ՀՎԿԱԿ Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն ասել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազն ունի համաճարակաբանական առանձնահատկություն․ յուրաքանչյուր 3-5 տարին մեկ թվերի բարձրացում է լինում, հայտնում է Factor.am-ը։
«Կապույտ հազի վերջին պարբերական բարձրացումը տեղի էր ունեցել 2017-2019 թվականներին, դրանից հետո կտրուկ նվազում ենք ունեցել։ Հիմա՝ 2023 թվականից սկսել է մյուս պարբերական բարձրացումը։ 2024–ի ընթացքում էլ կունենանք, 2025-ից նորից մարում կունենանք։ Կապույտ հազը պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է, պլանային պատվաստումների արդյունքում է, որ մենք ունենում ենք ոչ թե հազարավոր դեպքեր, այլ մի քանի տասնյակ։ Մինչ պարբերական բարձրացումների շրջանում էլ ունենում ենք մինչև 10 դեպք։
Այս առումով կապույտ հազը մեզ համար կառավարելի հիվանդություն է։ Այս հիվանդությունը շատ վտանգավոր է հատկապես վաղ տարիքի երեխաների շրջանում, առավել վտանգավոր է մինչև 6 ամսական երեխաների համար ու պատվաստումների արդյունքում մենք պաշտպանում ենք ոչ միայն իրենց, այլ նաև իրենց շրջապատին։
Պատվաստումների հարցում նվազում չենք ունեցել, բայց մեր պատվաստումներում ընդգրկվածությունը 100 % չէ, տարբեր տարիներին կարող ենք մինչև 5-7 % բնակչություն ունենալ, որոնք ընդգրկված չեն եղել պատվաստումներում։ Դրանք տարիների ընթացքում կուտակվում են և երբ հասնում է այն մակարդակի, որ հարուցիչը կարող է ունենալ ընկալ օրգանիզմների շրջանակ, ունենում ենք որոշակի բարձրացում, հետո նրանք հիվանդանում են ու էլի նվազում ենք ունենում»,- նշել է Գրիգորյանը։
Համաճարակաբանի խոսքով՝ 1 տարեկան երեխաների պատվաստումներին ամբողջական ընդգրկվածությունը հունվար-հունիս ամիսներին կազմել է 92,5 %, որը բավական լավ ցուցանիշ է։
Ինչ վերաբերում է քութեշ հիվանդությանը, այն կառավարելի չի համարվում։
«Քութեշի դեպքում չկա պատվաստանյութ ու բարձրացման շրջանում ունենում ենք մի քանի հազար դեպք։ Հունիսի տվյալներով նվազում ունենք, բայց սրա դեպքում ևս պարբերական բարձրացման շրջանն է»,- նշել է Գրիգորյանը։