ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը ճեպազրույցում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, ասել է, որ և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, և ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում են ակտիվորեն զբաղվել այդ հարցով, սակայն որևէ ժամկետ նշել չի կարող։
«Ես չունեմ որևէ կոնկրետ նորություն կամ ժամանակցույց ներկայացնելու համար։ Դա այն է, ինչ վրա մենք շարունակում ենք աշխատել»,– ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարելի է արդյոք որևէ բեկման սպասել Բոնոյի` տարածաշրջան այցից հետո։
Պատելը չի ցանկացել մեկնաբանել հուլիսի 30–ին ՀՀ և Թուրքիայի սահմանին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների կայանալիք հանդիպումը։
«Մեկ անգամ էլ կրկնեմ՝ դա այն է, ինչի վրա աշխատում է Պետքարտուղարությունը, մենք շարունակում ենք ակտիվորեն զբաղվել դրանով»,–ասել է նա։
Լուիս Բոնոն Հայաստանում էր նախորդ շաբաթ, որտեղ հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։
«Այժմ եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը», - նշել էր ԱՄՆ դեսպանատունը՝ անդրադառնալով նրա այցին։