Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայատառ գրառմամբ տեղեկացրել է Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։
«Տաթևի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից է և նշանավորում է երկրի ինքնությունը:
Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում»,–ասվում է գրառման մեջ։
Նա նաև Տաթևի վանքի 1880 թվականի լուսանկար է հրապարակել, որի հեղինակը Ալեքսանդրե Ռոինաշվիլին է։
Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։ 17-րդ դարի կրոնական և ուսումնական կենտրոնը գտնվում էր Որոտանի ձորում, Տաթև գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր, որից հետո միաբանությունը 1660 թվականին տեղափոխվել է նոր վայր և կառուցել Մեծ Անապատը։