31 հուլիսի 2024 - 15:35 AMT
Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարը. Փեզեշքիանն ասել է՝ Իրանը կստիպի ահաբեկիչներին զղջալ

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Այդ մասին հայտարարել է ինչպես ՀԱՄԱՍ–ը, այնպես էլ Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը։

Հանիան Թեհրան էր ժամանել հուլիսի 30–ին՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Նա նաև հանդիպումներ է ունեցել Փեզեշքիանի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։

Հանիան և նրա թիկնապահներիկց մեկը զոհվել են Թեհրանում նրանց հատկացված կեցավայրում, գրում է Deutsche Welle-ն։

ՀԱՄԱՍ–ը մեղադրել է Իսրայելին, այդ կազմակերպության քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարսուկը հայտարարել է, որ «սպանությունն անպատասխան չի մնա»։

Իսրայելի պաշտպանության բանակը՝ Ցախալը, հրաժարվել է մեկնաբանել այդ հաղորդագրությունները։

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը դատապարտել է Հանիայի սպանությունը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կստիպի ահաբեկիչներին զղջալ այդ վախկոտ արարքի համար։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Իրանը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունն ու պատիվը և կստիպի ահաբեկիչներին զղջալ Թեհրանում վախկոտ արարքի համար», -ասվում է գրառման մեջ։

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իսրայելի գրոհը, որի հետևանքով զոհվել է Հանիան, «կարող է ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։