31 հուլիսի 2024 - 17:30 AMT
ՌԴ ԱԳՆ․ Արևմուտքի ազդեցության աճը ՀՀ մեդիառեսուրսների վրա լավ բանի չի կարող հանգեցնել

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը, մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանի ընտրությանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնում, ասել է, որ Արևմուտքի ազդեցության աճը ՀՀ մեդիառեսուրսների վրա, ինչպես ցանկացած այլ երկրի պարագայում, լավ բանի չի կարող հանգեցնել։

ՌԴ ԱԳՆ–ն ընդգծել է այն փաստը, որ Քոլոյանն ԱՄՆ քաղաքացի է, ինչը գաղտնիք չէ։

Նաստասինը հավելել է, որ ԱՄՆ–ի և Արևմուտքի նպատակն ամենուր հասարակական կարծիքը ՌԴ դեմ տրամադրելն է, գրում է ՏԱՍՍ–ը։

«Նրանք ցանկանում են նսեմացնել հայ–ռուսական դարավոր բարեկամության և այն աջակցության նշանակությունը, որը Մոսկվան ցուցաբերել և ցուցաբերում է եղբայրական Հայաստանին ամենատարբեր ոլորտներում։

Մենք Երևանի հետ ունենք զանգվածային լրատվության ոլորտում մշակված համագործակցության մեխանիզմ։ Մասնավորապես՝ գործում է պրոֆիլային միջկառավարական համաձայնություն, պահպանվում է ակտիվ միջգերատեսչական երկխոսություն, կան շփումներ լրատվամիջոցների միջև»,–ասել է նա։

Նա հիշեցրել է, որ 2023–ին կայացել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կոնսուլտացիաներ ԶԼՄ-ների հետ տարվող ինֆորմացիոն աշխատանքին վերաբերող հարցերի շուրջ, Երևանում անցկացվել է հայ-ռուսական մեդիաֆորում։

«Հուսով ենք, որ հետագայում ևս մեր գործընկերների հետ կշարունակենք լուծել ծագած խնդիրները խիստ պրոֆեսիոնալ մոտեցմամբ»,–ասել է նա։

Հուլիսի 29–ին Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը։ Նման որոշում է կայացրել Հանրային հեռարձակողի խորհուրդը։ Արմեն Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից է։ Նա ստացել է հինգ ձայն։ Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը զրո ձայն է ստացել

Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է։ Նա հորդորել էր չեղարկել մրցույթը և նորը հայտարարել։