31 հուլիսի 2024 - 18:05 AMT
Կոստանյանը՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտի նոր պուրակի չորացած տույաների մասին․ «Շինարարը պատրաստ է վերականգնել»

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, անդրադառնալով Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտի նոր պուրակի չորացած տույաներին, ինչը բացասական արձագանք է ստացել հանրության շրջանում, հայտարարել է, որ շինարարը պատրաստակամ է վերականգնել թերությունները՝ այդ թվում ծառերի մասով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ Factor TV-ի, տույաներից յուրաքանչյուրը գնվել է 214,000 դրամով, այն դեպքում երբ շուկայական միջին գինը 25,000 դրամ է։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկագման, ինչպես նաև տույաների չորացման և տույաների գնի վերաբերյալ տեղեկացնում եմ․

Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։

Տույաների չորացման, ինչպես նաև շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջացած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի։

Նշեմ, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում դեռ նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում, վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում ծառերի մասով»,–ասվում է գրառման մեջ։