Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, ասել է, որ համակարգը 2027-ին ամբողջապես կներդրվի։
Նա պնդել է, որ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու, հայտնում է Aysor.am-ը։
«Ապահովագրական համակարգը ներդրվելու է փուլային կերպով՝ 3 տարվա ընթացքում, և փուլային համակարգը նպաստելու է, որ աստիճանաբար պատրաստ լինի դիմելության բարձրացմանը և աճին»,-ասել է նա։
Նրա խոսքով, իրենք լուրջ են վերաբերվում բարեփոխումներին, այդ «քաղաքական խոստումը» տվել են և իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ:
«Աշխատանքները որոշակի առումով երկարում են, որովհետև ռեֆորմը լայնածավալ է, մեծ է, և մենք կարծում ենք, որ, այո, հնարավորինս մանրակրկիտ աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան թե ժամկետները»,–ասել է նա։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը մեկնարկելու է 2024 թվականից։ 2027 թվականին համակարգն ամբողջովին պետք է ներդրված լինի և պարտադիր է դառնալու։ Ավանեսյանը 2023–ի նոյեմբերին ասել էր, որ կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը պետությունն ամբողջովին կվերցնի իր վրա և 2025-ին այն 100 տոկոսով կսուբսիդավորի։