ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը երկու երկրների միջև փակ սահմանին՝ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն անվանելով «դրական քայլ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»: Այդ մասին Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է Anadolu գործակալությանը։
«Մենք ողջունում ենք այս հանդիպումը: ԱՄՆ–ն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական քայլ է համարում Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,-ասել է նա։
Նա հավելել է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ, և մենք վճռական ենք այդ գործընթացին աջակցելու հարցում:
«Հիմա խաղաղության ժամանակն է»,–ասել է նա։
Մինչդեռ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ Բաքվի և Երևանի միջև կարգավորման դեպքում:
Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: