2 օգոստոսի 2024 - 11:30 AMT
Պատել․ Վաշինգտոնը շարունակում է ակտիվորեն զբաղվել Բաքվում պահվող հայ գերիների հարցով

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվորեն զբաղվել Բաքվում պահվող հայ գերիների հարցով։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ոչ մի նորություն չի կարող հայտնել։

Պատելին հարց ուղղած լրագրողը նշել է, որ արդեն չորս տարի է Ադրբեջանի բանտերում հայ ռազմագերիներ են պահվում, իսկ 2023–ի աշնանն Ադրբեջանի կողմից հերթական չհրահրված հարձակումից հետո Բաքվի բանտերում են նաև Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական գործիչները։

Լրագրողը նաև մեջբերել է Freedom House-ի տվյալները՝ նշելով, որ Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ամենաանազատն է դարձել աշխարհում և որ իրավիճակն այնտեղ այժմ ավելի վատթար է, քան Հյուսիսային Կորեայում, Վենեսուելայում, Սիրիայում կամ Աֆղանստանում: Լրագրողը հարցրել է, թե ինչով կարող է ԱՄՆ–ն օգնել Ադրբեջանի բանտերում գտնվող հայերին։

«Երբ հարցը վերաբերում է կալանավորվածներին, մենք միշտ հստակ և հետևողականորեն հայտարարում ենք, որ ցանկացած երկիր պետք է մարդասիրական վերաբերմունք դրսևորի բոլոր կալանավորների հանդեպ՝ արժանավայել և միջազգային իրավունքին համապատասխան, ինչպես նաև պետք է հարգի կալանավորվածների իրավունքները»,–ասել է Պատելը։

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ COP 29–ի դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ ՄՔԴ նախկին գլխավոր դատախազը շեշտել է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։