2 օգոստոսի 2024 - 11:55 AMT
Փաստաբանը հայտնել է, որ պարեկները ծեծել են իր եղբորը․ ՄԻՊ–ը մարմնական վնասվածքներ է արձանագրել

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն օգոստոսի 1–ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ 10 պարեկ դաժան ծեծի է ենթարկել իր եղբորը՝ Արամ Երիցյանին «ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով»։

«Պարեկները դաժանորեն ծեծի են ենթարկել եղբորս՝ ձեռքը կոտրել են, արցունքաբեր գազ են փչել եղբորս երեսին՝ աչքերն ընդհանրապես չեն տեսնում։ Նրան տարբեր կոտրվածքներով տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»,–ասել է նա։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ բաժին, առանձնազրույց է տեղի ունեցել Արամ Երիցյանի հետ, հայտնել են ՄԻՊ գրասենյակից։ Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են նրա մոտ առկա մարմնական վնասվածքները:

Այցի ընթացքում արձանագրվել է, որ Արամ Երիցյանին օգնություն տրամադրելու նպատակով հրավիրվել է նաև շտապ բժշկական օգնության խումբ:

Ավելի ուշ, Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին նաև ահազանգ է ստացվել առ այն, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում խոչընդոտվում է փաստաբանի մուտքը, մասնավորապես տևական ժամանակ չի ապահովվում փաստաբանի և ձերբակալված Արամ Երիցյանի տեսակցությունը, ինչպես նաև վարույթին ներգրավելու հարցը։

Բարձրացված խնդիրը քննարկվել է քննչական մարմնի իրավասու ներկայացուցչի հետ, արդյունքում՝ ապահովվել է փաստաբանի մուտքը քննչական բաժին: