ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը, անդրադառնալով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հեռանալուն, ասել է, որ դա սպասված քայլ է ճիշտ ուղղությամբ։
«Մենք խոսել ենք այդ մասին․․․հավանաբար, բա մոտ մեկ տարի առաջ էր։ Այն ժամանակ, անշուշտ, դա իրադարձությունների մտահոգիչ զարգացում էր։ Ես այլ մանրամասներ չունեմ։ Բայց դա, անշուշտ, երկար սպասված քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա։
Հուլիսի 31-ին արձանագրություն է ստորագրվել «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում պետական սահմանի պահպանությունը հայկական կողմին հանձնելու մասին, որը ստորագրել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։