2 օգոստոսի 2024 - 15:11 AMT
ՆԳՆ․ Երիցյանին չեն ծեծել, չունի որևէ կոտրվածք, ոչ նրա, ոչ ԼՂ բնակչության հասեցին վիրավորանքներ չեն հնչել

ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի այն հրապարակման վերաբերյալ, որի համաձայն իր եղբորը՝ Արամ Երիցյանին «ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով» պարեկները դաժան ծեծի են ենթարկել, վիրավորանքներ հնչեցրել, կոտրել են ձեռքը։

ՆԳՆ–ն հայտարարել է, որ «Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք, ոչ նրա, ոչ ԼՂ բնակչության հասեցին չի հնչել վիրավորական որևէ արտահայտություն»։

ՆԳՆ–ն տարածվող տեղեկություններն անվանել է կեղծ, որոնց նպատակն է թիրախավորել Ոստիկանությանն ու մոլորեցնել հանրությանը։

«Օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցհարթակում օգտատերերից մեկը հրապարակել էր «Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք» վերտառությամբ տեսանյութ, որում նշում էր նաև, թե իբր եղբայրն ունի «ձեռքի, թաթի մատների կոտրվածքներ»։

Հրապարակումից հետո սոցցանցում որոշ օգտատերեր նշում էին նաև, թե «բռնությունը զուգորդվել է բազմաթիվ հայհոյանքներով ոչ միայն նշված տղամարդու հասցեին, այլ նաև բոլոր արցախցիների նկատմամբ»։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննությամբ ուսումնասիրվել են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսահսկող սարքերի տեսագրությունները։ Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք, ոչ նրա, ոչ ԼՂ բնակչության հասեցին չի հնչել վիրավորական որևէ արտահայտություն, ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով։

Ձերբակալման ընթացքում տղամարդը հասցրել է հարվածներ և դիմադրություն ցույց տվել պարեկներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշ օգտատերերի կողմից հրապարակված ակնհայտ սուտ և իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները, ենթադրաբար, նպատակ ունեն թիրախավորել Պարեկային ծառայությանը, մոլորեցնել հանրությանը, ստեղծել տպավորություն, թե իբր Ոստիկանությունը առանձնահատուկ բացասական վերաբերմունք ունի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

ՆԳՆ–ն կոչ է անում զերծ մնալ կեղծ և մանիպուլյացիոն տեղեկություններ տարածելուց, որոնք, որոշ դեպքերում, նպատակ են հետապնդում պառակտել հասարակությանը։

«ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ առանց անձնավորման։ Հայաստանը իրավական երկիր է, որտեղ օրենքի առաջ հավասար են բոլորը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը առանձնազրույց է ունեցել Արամ Երիցյանի հետ: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են նրա մոտ առկա մարմնական վնասվածքները:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դեպքը կապել էր Ռոման Երիցյանի գործունեության հետ, քանի որ փաստաբան Ռոման Երիցյանը պաշտպանում էր պարբերաբար ձերբակալվող Արցախի տարբեր քաղաքապետերի շահերը։