2 օգոստոսի 2024 - 15:33 AMT
Բայրամովը Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյայի հետ զրույցում բողոքել է ՀՀ սահմանադրությունից ու ռազմականացումից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գլխավոր վարչության ղեկավար Մեհմեդ Սամսարի գլխավորած պատվիրակության հետ Բաքվում կայացած հանդիպմանը, խոսելով ՀՀ հետ կարգավորման գործընթացից, բողոքել է ՀՀ սահմանադրությունից ու ռազմականացումից։

«Թուրքական կողմի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքին, որ պահպանվում են խաղաղ գործընթացում առկա խնդիրները, այդ թվում ՀՀ սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ, որոնք խանգարում են տարածաշրջանային կայունությանն ու նպաստում են Հայաստանի ռազմականացմանը երրորդ երկրների կողմից», հայտնում է Musavat-ը։

Նշվել է նաև, որ «նման սպառնալիքները խոչընդոտում են խաղաղությանն ու կայունությանը, փոխադարձ գործակցությանը տարածաշրջանում, տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, ընդհանուր առմամբ՝ կարգավորմանը»։ Շեշտվել է այդ սպառնալիքների չեզոքացման կարևորությունը, ասվում է հրապարակման մեջ։

Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ Բաքվի և Երևանի միջև կարգավորման դեպքում: