2 օգոստոսի 2024 - 16:18 AMT
Սբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպել է Վատիկանի պաշտոնաթերթի տնօրենին՝ շեշտել, որ մշակութային ժառանգությունը չպետք է խեղաթյուրվի

Օգոստոսի 1-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել Վատիկանի L’Osservatore Romano լրատվամիջոցի տնօրեն, գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդայի հետ՝ շեշտել, որ մշակութային ժառանգությունը չպետք է խեղաթյուրվի, հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտարարություն է տարածել Վատիկանի L'Osservatore Romano պաշտոնաթերթում վերջերս հրատարակված մի հոդվածի մասին, որը հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ներկայացվում են որպես աղվանական։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է քրիստոնեական ընդհանուր ժառանգության մաս հանդիսացող հայկական պատմամշակութային, քրիստոնեական հարուստ ժառանգության հանրահռչակման, դրան սպառնացող վտանգների վերաբերյալ իրազեկվածության ուղղությամբ հետագա համագործակցությունը։

Այս առումով ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք չխեղաթյուրվեն մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ինքնությունը, ինչպես նաև պատմական փաստերը, որոնք անհերքելի են և ճանաչված միջազգային հանրության, այդ թվում՝ գիտական հանրության կողմից»,–ասվում է հաղորդագրության մեջ։

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտել էր ալիևյան բռնապետական ռեժիմի՝ հնարավոր բոլոր միջոցներով հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը և կոչ է անում միջազգային հեղինակավոր գիտական կազմակերպություններին ու կառույցներին, ԶԼՄ-ներին տուրք չտալ ադրբեջանական պետական հակահայկական քարոզչությանը

44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ակտիվորեն ոչնչացնում է ամեն հայկականի հետք Լեռնային Ղարաբաղում, իսկ որտեղ դա հնարավոր չէ, հայկական հուշարձաններն ու վանքերը ներկայացնում է որպես «աղվանական» կամ «ուդիական»։ Բաքուն մինչ օրս թույլ չի տվել ՅՈւՆԵՍԿՕ–ի մուտքը Լեռնային Ղարաբաղ։