2 օգոստոսի 2024 - 17:32 AMT
Շինարարության ոլորտում ներդրվել է նոր՝ պահանջարկ ունեցող մասնագիտություն

ՄԿՈւ հաստատությունների դիմորդների շրջանում պետության համար ռազմավարական նշանակության ոլորտների մասնագիտություններն առավել գրավիչ դարձնելու համար նախորդ տարվանից Կառավարության որոշմամբ հաստատվել է գերակա և առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկը: Այս ուղղություններով սովորողներին պետությունն առաջին կուրսում 50,000 դրամ կրթաթոշակ է տրամադրում անկախ այն հանգամանքից՝ ուսանողն անվճար համակարգով է ընդունվել, թե վճարովի: Շինարարական ոլորտի մի շարք մասնագիտություններ ևս ներառված են այդ ցանկում:

Գերակա մասնագիտությունների ցանկում է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթական հաստատությունում ներդրված նոր մասնագիտությունը, որը կոչվում է կարկասային երեսպատման կոնստրուկցիայի մոնտաժ:

«Այսօր պահանջված է ոչ միայն «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը, այլև շինարարական ոլորտի գրեթե բոլոր մասնագիտությունները: Եվ ոլորտում ունենք մի իրավիճակ, որում աշխատում են որակավորում չունեցող մարդիկ, իսկ աշխատաշուկան որակավորված մասնագետների խիստ կարիք ունի: Սա կարևոր խնդիր է թե՛ կրթության ոլորտի, թե՛ գործատուների համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Նոր մասնագիտությունն ուսումնական հաստատությունում ներդրվել է Knauf Armenia շինարարական կազմակերպության հետ համագործակցությամբ, երբ վերջինս՝ որպես գործատու, որակավորված մասնագետների կարիքի համալրման առաջարկ է ներկայացրել, հայտնում է ԿԳՍՄ նախարարությունը։

«Շինարարության ոլորտը գրեթե հավասար կարևորություն ունի բժշկության հետ, քանի որ ուղղակիորեն առնչվում է մարդու առողջությանն ու անվտանգությանը: Տարբեր փլուզումներն ու աղետները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, նաև ոչ որակյալ աշխատանքների հետևանք են: Այս ոլորտում առավել քան երբևէ որակյալ մասնագետների պահանջն ակնհայտ է,- համոզմունք է հայտնում Արմենուհի Պողոսյանը և շարունակում,- մեր խնդիրն է ոչ միայն ուսանողին ներգրավել տվյալ կրթական ծրագրում, այլև ապահովել որակյալ կրթություն և բարձր առաջադիմություն: Այդ նպատակով կրթաթոշակը տրվում է առաջին կուրսում, իսկ հաջորդ կուրսերում այն կպահպանվի՝ պայմանավորված ուսանողի առաջադիմությամբ»:

Knauf Armenia կազմակերպությունը շինարարության ոլորտում առաջիններից է, որի հետ ՄԿՈՒ ոլորտում կա համագործակցություն: Սակայն, ինչպես Արմենուհի Պողոսյանն է փաստում, միջին մասնագիտական կրթությունը կիրառական ոլորտ է և միտված է կարողությունների ու հմտությունների ձևավորմանը, ինչը հնարավոր է ապահովել նախևառաջ մասնավոր ոլորտի աջակցությամբ: