«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» (Արցախ միության) նախագահ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայերին ուղղված նամակ–կոչը և հորդորել է միանալ։
Նա հավելել է, որ աջակցում է այդ արշավին։
«Շատ կարևոր նամակ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Օկամպոյի կողմից՝ ուղղված հայերիս: Ես աջակցում եմ այս արշավին և հորդորում եմ բոլորիդ Ձեր ներդրումն ունենալ այս կարևոր գործում»,–ասվում է գրառման մեջ։
Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ COP 29–ի դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ ՄՔԴ նախկին գլխավոր դատախազը շեշտել է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։