3 օգոստոսի 2024 - 14:29 AMT
Ըստ Բաքվի՝ ՄՕԿ–ը ներողություն է խնդրել ԼՂ մասին ֆրանսիացի հաղորդավարի խոսքերի համար

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ներողություն է խնդրել Բաքվից France2 հեռուստաընկերության մեկնաբանի խոսքերի համար, որոնք Ադրբեջանում համարում են «անընդունելի և անհամատեղելի ՄՕԿ սկզբունքների հետ», գրում է APA-ն։

Օլիմպիական խաղերի բացման ժամանակ, երբ Սենայով անցել է ՀՀ պատվիրակությունը, France-2-ի հաղորդավարն ասել է. «հայերը, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է»։ Ֆրանսիացի մեկնաբանը նաև հիշեցրել է, որ 2023–ը ողբերգական տարի էր Հայաստանի համար, քանի որ Ղարաբաղն անցել է ադրբեջանական բանակի հսկողության տակ։ Ադրբեջանի պատվիրակության անցնելու ժամանակ, հաղորդավարն ասել է, որ այդ երկիրը տարածքային վեճ ունի Հայաստանի հետ։

Հաջիզադեն ասել է, որ իրենք նույնը ակնկալում են նաև Օլիմպիական խաղերը հյուրընկալող Ֆրանսիայից։

«Ակնկալում ենք, որ Ֆրանսիան, որպես Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր, ներողություն խնդրի և որ Ադրբեջանի դեմ նման քայլեր ապագայում այլևս չկրկնվեն», - ասել է Հաջիզադեն։