Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում:
Երկու ցատկերի հաշվարկով նա վաստակել է 14․ 966 միավոր և գրավել երկրորդ տեղը, նվաճեց Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը։
Նա առաջինն է Հայաստանի մարզիկներից մեդալ նվաճում այս Օլիմպիադայում։
Արթուր Դավթյանը մեկնաբանել է իր մեդալային ելույթը։
«Իսկապես դժվար ստացվեց, քանի որ որակավորման փուլում ցատկս վատն էր: Նույնիսկ հարց էր առաջացել, թե կմտնեմ արդյոք եզրափակիչ: Մի կերպ այդ օրն անցկացրեցինք: Սպասում էի երկար: Կարող էի երկու ցատկս էլ ավելի լավ կատարեի: Գնահատականների տարբերությունը շատ քիչ է առաջին տեղի հետ համեմատ»,- ասել է Դավթյանը, հայտնում է Արմենպրեսը։
ՕԽ արծաթե մեդալակրի խոսքով` ինքն այդքան էլ ուրախ չէ արծաթի համար, քանի որ Փարիզ էր եկել ոսկե մեդալի հետևից:
«Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել մարմնամարզությունում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում նպատակս մեդալն էր, իսկ այդտեղ ես տեսնում էի այդ հնարավորությունը՝ չեմպիոն դառնալու: Այդ է պատճառը, որ ուրախությունս ամբողջական չէ: Գուցե հաջորդ Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ լինի»,- ասել է նա:
Դավթյանը Եվրոպայի բազմակի չեմպիոն է, մրցանակակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: