5 օգոստոսի 2024 - 15:34 AMT
ԱԳՆ. ՀՀ-ն ավարտել է Մարգարա-Ալիջան անցակետի վերանորոգման և վերազինման աշխատանքները և նույնն ակնկալում է Թուրքիայից

ՀՀ-ն ավարտել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետի հայաստանյան հատվածի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները և երկու երկրի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների միջև նախկինում ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածության համաձայն՝ պատրաստ է սպասարկել սահմանի այդ անցակետը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար և նույնն ակնկալում է Թուրքիայից։ Այդ մասին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Factor.am-ը:

ԱԳՆ–ից այդպես են պատասխանել հարցին, թե արդյոք Թուրքիան սահմանի իր հատվածում ևս անցակետ կառուցե՞լ է, թե ոչ։

Պատասխան նամակում արտաքին քաղաքական գերատեսչությունից հիշեցրել են, որ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։

Հուլիսի 30-ին երկու տարվա դադարից հետո հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել էին Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետում։ Սա հատուկ բանագնացների հինգերորդ հանդիպումն էր։

Հատուկ բանագնացների հանդիպմանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Ռուբինյսնն ու Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Նշենք, որ վերջերս Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Մարգարա» մաքսային կետ, ծանոթացել իրականացված աշխատանքներին: «Մարգարա» մաքսային կետն արդիականացվել է, որի համար ծախսվել է 1 մլրդ դրամ։