«Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի Աջափնյակում կատարված սպանության կազմակերպիչներն ու անմիջական կատարողները բացահայտվել են, կազմակերպիչները կալանավորվել են, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Իսկ սպանությունը կատարողները` Հարություն Սահակյանը և Սուրեն Գրիգորյանը, հունիսի 12–ին հասցրել են հեռանալ երկրից։ Նրանց հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Հունիս 11–ին, ժամը 23։17–ին, ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Երևանի Էստոնական փողոցում կրակում են: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե:
Ժամը 23.53–ին հաղորդում էր ստացվել «Արմենիա» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել երկու տղամարդ: Մոտ 20 րոպե անց ստացվել էր ևս մեկ հաղորդում. տղամարդկանցից մեկը՝ ենթամշակույթի մակարդակում «Ֆազ» մականվամբ հայտնի 43-ամյա Սերգեյ Գրիգորյանը, գիտակցության չգալով՝ մահացել էր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին միմյանց բախված «Լանդ Կրաուզեր», «Տոյոտա Քեմրի», «Օպել Աստրա» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ: «Լանդ Կրաուզերի» վրա կային կրակոցի, իսկ սրահում՝ արնանման հետքեր:
«Օպել Աստրայի» բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվել էին «ոստիկանություն» գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ ու փամփուշտներ:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ կատարվածը նախկինում երկու անձի միջև ձևավորված թշնամական հարաբերությունների շարունակությունն է»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը:
Դեռևս 2021 թ. հունվարի 13-ին Երևանի Դավիթ-Բեկի փողոցի ավտոկայանատեղիում Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ Ռուստամ Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ էին ձևավորվել նրա և Սերգեյ Գրիգորյանի միջև։ Հետագայում նույնպես այս երկուսի մտերիմների մասնակցությամբ տեղի էին ունեցել միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, և դրանց կապակցությամբ նախաձեռնվել էին քրեական վարույթներ:
Հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պռոշյան գյուղում գտնվող առանձնատանը։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձինք կեղծված հաշվառման համարանիշներով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղևորվել են Երևան։ Սպանության հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով նրանք հետապնդել են Սերգեյ Գրիգորյանին: Ժամը 23.15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է գալիս Շինարարների փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստում իրեն պատկանող «Տոյոտայի» ղեկին, կողքը նստում է նրան ուղեկցողներից մեկը, ու պատրաստվում են հեռանալ: Այդ պահին «Օպել Աստրան» փակում է նրանց ճանապարհը: Մեքենաները բախվում են իրար: «Օպելի» միջից ինքնաձիգով կրակահերթ է արձակվում Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ:
Չկարողանալով հեռանալ մեքենայով` կատարողները ոտքով դիմում են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցելով ինքնաձիգը, ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Երկուսն էլ, առանձին-առանձին, գնացել են Պռոշյան գյուղի իրենց հավաքատեղի առանձնատուն, որտեղ նրանց սպասում էին հանցագործության ղեկավարն ու կազմակերպիչը:
Հանցագործությունը կատարողները հունիսի 12-ի առավոտյան, տարբեր ժամերի, «Զվարթնոց» օդանավակայանով լքել են հանրապետությունը։
Հուլիսի 28-ին Ռուստամ Ստեփանյանը ձերբակալվել է Պռոշյան գյուղում գտնվող իր տանը, ևս մեկ կազմակերպիչ` Նոր Նորքում գտնվող իր տանը: Երկուսն էլ ներկայացվեցին վարույթ իրականացնող մարմին: Այնուհետև նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարանին, ինչը նույնպես բավարարվեց:
Երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: