6 օգոստոսի 2024 - 16:51 AMT
Օսկանյան. Արցախահայերի վերադարձի հարցում կա միջազգային աջակցություն

ՀՀ նախկին արտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն գլխավորող Վարդան Օսկանյանը հանդես է եկել տեսաուղրեձով և հայտարարել, որ եթե Երևանը բարձրաձայնի արցախահայերին բանակցությունների օրակարգ վերադարձնելու հարցը, կհանդիպի միջազգային հանրության լիակատար աջակցության։

Կոմիտեի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի հավաքական հայրենադարձությունn 1՝ անվտանգության միջազգային երաշխիքների ներքո։ Խմբի կազմում ընդգրկված են Հայաստանում հայտնի դիվանագետներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչներ:

Օսկանյանը նշել է, որ կոմիտեի գործունեության 5 ամիսների ընթացքում իր ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Մոսկվայում, Փարիզում, Բրյուսելում, ԱՄՆ մի շարք քաղաքներում: Իսկ հուլիսի կեսերին Օսկանյանը և ևս երկու գործընկերներ եղել են Ժնևում և Բեռնում։ Շվեյցարիայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամենամյա նիստը: Օսկանյանի խոսքով՝ հանդիպումներ են եղել տարբեր երկրների, ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչների, շվեյցարացի պաշտոնյաների, հայկական սփյուռքի կառույցների հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հանդիպումները բավականին արդյունավետ էին, և կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց հայրենի տներ՝ միջազգային երաշխիքների ներքո»,- ասել է նախկին նախարարը:

Նա արձանագրել է, որ արցախահայության խնդիրը լսելու պատրաստակամություն ու ցանկություն կա աշխարհում, և կոմիտեի դիրքորոշումը միջազգային կառույցների կողմից բավական լուրջ է ընկալվում։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանը բանակցային օրակարգ մտցնի Արցախի հայերի վերադարձի հարցը՝ միջազգային երաշխիքների ներքո, ապա միանշանակ կհանդիպի միջազգային աջակցության»,- նշել է է նա։

Օսկանյանը հիշեցրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցը, որտեղ եվրոպացի դիվանագետն ասել է, որ Ադրբեջանը հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու պարտավորություններ ունի: Օսկանյանի խոսքով՝ Կլաարի հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է միջազգային տրամադրվածությունն այդ հարցում։

Կլաարը հույս է հայտնել, որ ԼՂ հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ: Նա հավելել է, որ Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի։ Կլաարը շեշտել է, որ երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, սակայն իր համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել: