Թուրքիան օգոստոսի 7-ին կմիանա Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Օգոստոսի 7–ին նախատեսում ենք դոսյե ներկայացնել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան՝ Իսրայելի դեմ հայցին միանալու համար», - ասել է Ֆիդանը Կահիրեում իր եգիպտացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո հայտարարել էր, որ Անկարան միանում է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ ցեղասպանության մասով Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցին։
Հաագայի Միջազգային դատարանը մայիսի 16-17-ին լսումներ է անցկացրել Հարավաֆրիկյան Հանրապետության՝ Ռաֆահում հրեական պետության գործողությունների պատճառով Իսրայելի դեմ հավելյալ միջոցներ ձեռնարկելու խնդրանքի վերաբերյալ։ Դատարանը մայիսի 24-ին Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել իր ռազմական գործողությունը Ռաֆահում և թույլ տալ ցեղասպանության մեղադրանքները հետաքննող առաքելությունների մուտքը Գազա: