8 օգոստոսի 2024 - 11:19 AMT
ԱԳՆ. Հաղորդակցությունների վերաբացման մասին կետը հանվել է խաղաղության համաձայնագրից

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից։ Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի հայտարարությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ Ամիրբեկովն ասել էր, որ կողմերը փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից։

Միևնույն ժամանակ ԱԳՆ խոսնակը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման օրակարգի կարևոր մաս։

«Փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը` պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս»,– ասել է նա։

Նա ընդգծել է, որ այդ օրակարգը լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա:

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է. «Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում։ Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»: