Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն էլեկտրամատակարարման պարբերաբար ընդհատումների հարցով կդիմի պատկան մարմիններին։ Այդ մասին ասվում է թատրոնի հայտարարության մեջ։
«Օգոստոսի 7–ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով այս անգամ ևս դադարեցվել է հերթական ներկայացումը։
Պարբերական դարձած այս խնդիրը ոչ միայն մեծ անհարմարություն և բարոյական վնաս, այլև նյութական և ֆինանսական մեծ կորուստներ է պատճառում թե՛ թատրոնին իր բնականոն աշխատանքային գործունեության իրականացման հարցում, թե՛ առաջացնում է հանդիսատեսի օբյեկտիվ վրդովմունքը։ Հատկապես երեկ, երբ լեփ-լեցուն դահլիճում հյուրախաղերով հանդես է եկել բալետային հրավիրյալ խումբ արտերկրից։
Թատրոնի ղեկավար անձնակազմը հայցում է հանդիսատեսի ներողամտությունն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության պատճառած անհարմարության համար, ինչպես նաև հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա:
Անթույլատրելի ենք համարում էլեկտրամատակարարող ընկերության՝ պարբերաբար եւ տևական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները, ինչի կապակցությամբ Թատրոնը կդիմի իրավասու մարմիններին»,–ասվում է գրառման մեջ։
Վերջին շրջանում Երևանի տարբեր թաղամասերում հաճախակի են դարձել էլեկտրամատակարաման ընդհատումները, որոնք հաճախ արվում են առանց ծանուցման և կարող են տևել ժամեր։ Որպես պատճառ նշվում են վթարները, որոնց հաճախակիությունը հարցեր է առաջացնում։