10 օգոստոսի 2024 - 12:15 AMT
Ստանո. ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ

Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, հայտնում է «Ազատությունը»։

Նա նշել է, որ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA)։

«Սա իրականում որևէ կապ չունի պոտենցիալ անդամության թեկնածության գործընթացի հետ: Բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Այսպիսով, այս բանակցությունները որևէ կապ չունեն պոտենցիալ անդամակցության թեկնածության հնարավորությունների հետ, սրանք երկու տարբեր բաներ են, մենք արդեն իսկ Հայաստանի հետ ունենք CEPA-ի համաձայնագիրը, և հիմա մենք ընդլայնում ենք դրա հիմքերն ու ոլորտները, թե էլ որ ոլորտներում կարող ենք ավելի սերտ համագործակցել: Սա արտացոլում է մեր ներկայիս համագործակցությունը, որը թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը ցանկանում են ընդլայնել, սակայն կրկին շեշտեմ՝ սա որևէ կապ չունի Եվրամիության պոտենցիալ անդամության կամ թեկնածության հայտի հետ, քանի որ հիմնված է արդեն գործող, ընթացքի մեջ գտնվող հարաբերությունների վրա»,–ասել է նա։

2023-ի հոկտեմբերին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջև ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում։ Փաշինյանի հայտարարությունից ամիսներ անց՝ այս տարվա մարտին, Եվրախորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց, որով կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։ Ապա հուլիսին վարչապետն ասաց, թե չգիտի՝ պատրաստ է արդյոք ԵՄ-ն ընդունել Հայաստանին որպես կառույցի լիիրավ անդամ։