10 օգոստոսի 2024 - 14:49 AMT
The Telegraph․ Փեզեշքիանն առաջարկել է իսրայելական բազաները թիրախավորել Ադրբեջանում կամ Քրդստանում

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը փորձում է համոզել Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին (ԻՀՊԿ) հրաժարվել Իսրայելին ուղիղ հարված հասցնելուց՝ ի պատասխան ՀԱՄԱՍ–ի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությանը։ Այդ մասին գրել է The Daily Telegraph–ը` սեփական աղբյուրներիբ հղումով։

Փեզեշքիանն առաջարկել է թիրախավորել իսրայելական գաղտնի բազաներն Ադրբեջանում և (Իրաքյան) Քրդստանում՝ խուսափելով այնպիսի զարգացումից, երբ «իրավիճակոը կարող է դուրս գալ վերահսկողությունից»։

Նախագահի օգնականը, որի անունը չի նշվում, նաև ասել է, որ Փեզեշքիանն առաջարկել է զգուշացնել այդ երկրներին նախատեսվող հարվածի մասին։

«Փեզեշքիանը մտավախություն ունի, որ ցանկացած ուղիղ հարձակում Իսրայելի վրա լուրջ հետևանքներ կունենա։ Նա հիշատակել է, որ մեր բախտը բերել է, որ նախորդ անգամ լայնածավալ պատերազմի մեջ չենք մտել Իսրայելի հետ»,–ասել է նախագահի մեկ այլ օգնական՝ նկատի ունենալով ապրիլի 13–ի գրոհը, որը Իսրայելը հետ մղեց արևմտյան դաշնակիցների հետ միասին։

Ըստ վերոնշյալ աղբյուրների, Իրանի նախագահը նաև առաջարկել է ավելի արդիական զենք տրամադրել շիաների «Հեզբոլլահ» շարժմանը, որպեսզի վերջինս կարողանա առավել արդյունավետ պաշտպանել։

Իրանը որոշել է հարվածել Իսրայելին և հայտնել է այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։ Հարվածը սպասվում է ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիայի սպանության, որը կատարվել է Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։

Photo. AFP